ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԽԱՂԵՐ - страница 4

Шрифт
Интервал


– Ինչո՞ւ էիր դու ինձ ասում, որ միշտ ելք կա, – հարցուփորձ էր անում Արևիկը՝ դարձյալ վերադառնալով միևնույն հարցին:

– Իսկապես, ելք միշտ կա: Պարզապես այն երբեմն շատ երկար պետք է փնտրել, – պատասխանեց տատիկը:

– Ուրեմն, շատ ջանալու դեպքում այն կարելի՞ է գտնել, – շարունակվում էր հետաքրքրվել Արևիկը:

– Այո՛, – պատասխանեց տատիկը: Բայց զգացվում էր, որ նա արդեն հոգնել էր ու հազիվ էր զսպում իր անհամբերությունը:

– Տատի՛կ, արի՛ զանգենք ԱԻՆ, – ոգևորվեց աղջիկը՝ հավանորեն, կարծելով, որ հենց դա է հիմնախնդրի լուծումը:

– Ինչո՞ւ, – զարմացավ տատիկը:

– Իսկ հիշո՞ւմ ես՝ երբ ամռանը հրդեհ էր եղել, մարդկանց փրկել էր ԱԻՆ—ը…

Տատի՛կ, բայց ի՞նչ է ԱԻՆ—ը:

– Արտակարգ իրավիճակների նախարարություն, – բացատրեց տատիկը:

– Իսկ ի՞նչ են արտակարգ իրավիճակները, – շարունակում էր հետաքրքրվել Արևիկը:

– Տարերային աղետները, օրինակ, հրդեհները և զանազան վտանգավոր իրավիճակները, որոնց մեջ հայտնվել են մարդիկ: Ենթադրենք՝ դուռը փակվել է, փոքրիկ երեխան տանը մնացել է մենակ, և նրան շտապ անհրաժեշտ է օգնություն:

– Իսկ ճանապարհների խցանումները սովորակա՞ն իրավիճակներ են:

– Այո՛, – ափսոսանքով պատասխանեց տատիկը:

Աղջիկն ապրում էր բարձրահարկ շենքի տասներեքերորդ հարկում և սիրում էր երեկոյան ժամերին, ծնողներին սպասելիս, նստել ցածր պատուհանագոգին ու լուսամուտից դուրս նայել: Այդպես էլ այս երեկո, հետևելով մեքենաների անվերջանալի շարանին, նա ուշադրություն դարձրեց հսկայական թվով սխալ կայանած մեքենաներին, որոնք չափազանց բարդացնում էին ճանապարհների՝ առանց այն էլ դժվար կացությունը: Եվ այդ հանգամանքը չէր կարող անտարբեր թողնել դիտունակ աղջկան:

– Տատի՛կ, իսկ ինչո՞ւ այդ մեքենաները սահմանված տեղում չեն կանգնում, – հարցրեց Արևիկը:

– Մեքենաների տերերը եկել են աշխատանքի և ավտոմոբիլները թողել են այստեղ, որպեսզի աշխատանքից հետո մեքենայով վերադառնան տուն:

– Բայց ինչո՞ւ մեքենաները չեն թողել այնտեղ, որտեղ կարելի է, – հարցուփորձ էր անում աղջիկը:

– Տեսնում ես՝ կայանատեղում բոլոր ցանկացողների համար տեղ չկա: Բացի այդ, կանգառները հաճախ վարձու են: Այդ պատճառով էլ շատերը մեքենաները թողնում են որտեղ պատահի, – բացատրեց տատիկը:

– Բայց դրա համար նրանց չե՞ն պատժում, – զարմացավ աղջիկը:

– Լինում է, որ պատժում են, կամ պարզապես տուգանում են, կամ նույնիսկ մեքենաները տանում են տուգանային հրապարակ, մանրակրկիտ կերպով բացատրեց տատիկը:

– Իսկ ո՞վ է պատժում, քեռի ավտոտեսո՞ւչը, – հիշեց աղջիկը:

– Այո՛, – տատիկը հաճելիորեն զարմացավ այն բանից, որ Արևիկը չի մոռացել անցյալ զրույցների բովանդակությունը: