– Բայց վարորդները, միևնույն է, չե՞ն վախենում նրանից, եթե շարունակում են մեքենաները կանգնեցնել այնտեղ, որտեղ պետք չէ, – հետաքրքրվեց Արևիկը:
– Դուրս է գալիս, որ այդպես է, – համաձայնեց տատիկը:
Լռություն տիրեց: Տատիկը, հոգնած այդ խոսք ու զրույցից, սկսեց աղջկան պատրաստել քնելու:
Այդ ժամանակ հեռախոսը զանգեց, ու տատիկը պատասխանեց: Խոսակցությունն ավարտելով՝ նա դիմեց Արևիկին.
– Մայրիկն ասաց, որ մենք չսպասենք իրեն ու գնանք քնելու:
– Ինչպես մայրիկն ասաց, մենք այնպես էլ պիտի անե՞նք, – հարցրեց Արևիկը:
– Իհարկե: Դու գիտես, որ մայրիկի խոսքը մեզ համար օրենք է, – շեշտեց տատիկը:
– Իսկ մենք նրան չենք ասի, – առարկեց աղջիկը:
– Մայրիկը միշտ պիտի իմանա ճշմարտությունը: Եվ, ընդհանրապես, Արևի՛կ, ավելի լավ է՝ քեզ պատժեն սխալ վարվելու, քան ինչոր բան թաքցնելու համար: Այդ դեպքում պատիժն էլ ավելի թեթև կլինի, սխալն էլ հնարավոր կլինի ժամանակին ուղղել, – ասաց տատիկը:
– Բայց դու հիմա այստեղ ինձ հետ ես: Դու կարող ես ինձ թույլ տալ չքնել, – չէր հանդարտվում Արևիկը:
– Ո՛չ, բալի՛կս, մայրիկի խոսքը կարևոր է իմից, – պնդում էր տատիկը:
– Բայց մայրիկն էլ կարող է սխալվել, – չէր հանձնվում Արևիկը:
– Շատ հնարավոր է: Սակայն նույնիսկ այն դեպքում, եթե անգամ քեզ թվում է, թե մայրիկը ճիշտ չէ, պետք է անել այն, ինչ ասել է նա: Համենայն դեպս, այնքան ժամանակ, երբ դու ինքդ պատասխան կտաս քո արարքների համար, – հանգիստ բացատրեց տատիկը:
– Նշանակում է՝ եթե ես համաձայն չեմ մայրիկի հետ, ապա երբեք չե՞մ կարող անել այն, ինչ ցանկանում եմ, – անկեղծորեն զարմացավ աղջիկը:
– Ինչո՞ւ: Կարողացի՛ր քո ճշմարտությունն ապացուցել այնպես, որ մայրիկն այն ընդունի, – պատասխանեց տատիկը: – Եվ հետո, Արևի՛կ, մայրիկը գործնականում քեզ թույլատրում է ամեն ինչ: Սահմանափակումները բացառապես վերաբերում են քո անվտանգությանն ու առողջությանը: Բոլորովին առանց սահմանափակումների էլ չի կարելի: Անարխիա ու քաոս կլինի:
– Ինչպես ճանապարհի՞ն, – հիշեց աղջիկը:
– Միանգամայն ճիշտ է, – ասաց տատիկը:
– Բոլոր ընտանիքներո՞ւմ է այդպես, – հետաքրքրվեց Արևիկը:
– Եթե նկատի ունես սահմանափակումները, դրանք ամեն մի ընտանիքում էլ կան: Այլ բան է, որ կարող է կարգ ու կանոնն ուրիշ լինել, – պարզաբանեց տատիկը:
– Դու ինձ մի փոքր խճճեցիր, տատի՛կ, – ասաց աղջիկը:
– Ճիշտ է, քանի որ պետք է գնալ քնելու, – պատասխանեց տատիկը:
– Իսկ քո մայրիկը նույնպե՞ս միշտ ճիշտ էր, – շարունակեց Արևիկը:
– Շատ բաներում՝ այո: Բայց մեր ընտանիքում մի փոքր այլ իրադրություն էր, – ասաց տատիկը:
– Պատմի՛ր, տատի՛կ, – սկսեց աղաչել աղջիկը: