վիրավոր թռչուն - страница 2

Шрифт
Интервал


Մոտ վազեց Նարեկի հետ խոսող ոստիկանը, նրա օգնությամբ Նարեկը տարավ նստեցրեց հորը ինչ-որ մեկի բերած աթոռին։

_Ուզում եմ տեսնել երեխուս… սուտ եք ասում… սու՛տ է,_անվերջ կրկնում էր հայրը։ Որոշ ժամանակ անց, երբ դեղեր ընդունելուց հետո, հայրը իրեն մի քիչ լավ զգաց ու արդեն տարել էին քրոջ դիակը, ոստիկանների ուղեկցությամբ շրջեց բոլոր սենյակներով։ Ոտքերը չէին հնազանդվում։ Ամեն տեղ իրարանցում էր, ջարդել էին ամեն ինչ։

_Բա որդի՞ս, _հարցրեց ուղեկցողին Նարեկը։

_Ի՞նչ որդի․․․

Նարեկը քարացավ տեղում։ Ինչպե՞ս թե ինչ որդի։ Իր Սահակը․․․ իր երջանկությունը․․․ Կարծես ցնդեց, կտրվեց իրականությունից․․․ աչքերը նորից մթնեցին․․․ ի՞նչ է խոսում այս տխմարը․․․ էշ-էշ դուրս է տալիս․․․

_Ո՛չ մի՛ երեխայի՛ մասին, խոսք չի եղել, _կրկնեց նույնը ոստիկանը։

Նարեկին թվաց, թե սիրտը պոկվեց ու ընկավ ցած․․․ ոտքերի տակ․․․ կրծքում դատարակություն էր։ Սառը ջուր լցրին վրան։ Ի՞նչ է նշանակում ոչ մի երեխայի մասին խոսք չի եղել։ Մի՞թե այս հիմարները չեն ստուգել տունը ամբողջությամբ ու Սահակը մեն-մենակ օրորոցում է, անտեր անտիրական։ Հիմարնե՛ր․․․ Շշմած իրեն է նայում․․․ Իսկ երեխան անօգնական անցկացրել քանի՜ ժամ․․․ Առավոտյան քանի՞սն էր երբ իրեն զանգեցին․․․ Լսեց կողոպուտ և հիվանդանոց բառերը։ Ուրեմն բոլորը այնտեղ պիտի լինեն։ Մի քանի վայրկյանը դար դարձան, իսկ միջանցքը՝ անծայր հորիզոն, մինչև շունչը կտրած հասավ ննջարանը։

Երբ մտավ իր ննջասենյակ ու տեսավ որդու օրորոցը պարապ, քիչ մնաց ուշքը գնար։ «Ու՞ր է զավակս։ Ու՞ր է որդիս․․․ եթե հիվանդանոցում չէ, ապա ու՞ր է․․․ Մի՞թե այդ գազանները որդուս տարել են․․․ կամ ավելի վատ… ո՛չ, տե՛ր աստվա՛ծ, ո՛չ… գթա՛ ինձ աղաչում եմ։ Թող երեխաս կենդանի լինի, խոստանում եմ, երբե՛ք, ոչ մի սխալ չեմ անի, միայն թե Սահակս ողջ լինի»։

Նարեկը չնկատեց ինչպես իրեն մոտեցավ քննիչը, նրա հետևից էլ իրեն ուղեկցող ոստիկանը։

_Պարոն Սիրունյա՛ն, ձեզ պետք է գնալ հիվանդանոց,_խոսեց քննիչը։

Նարեկը նայեց խոսողին։ Դա մի տարեց ճաղատ հաղթանդամ մարդ էր։

_Հիվանդանո՞ց…

_Այո՛։ Իրականում, ես պիտի տանեմ ձեզ ոստիկանություն, սակայն… տվյալ դեպքում ձեզ հարկավոր է հիմա լինել այնտեղ։ Ձեր կինը Նարե՛կ․․․ շատ վատ վիճակում է։ Արագացրե՛ք…

Նարեկի բորբոքված ուղեղը փնտրեց նրա բառերի ու ողջ կերպարանքի մեջ թաքնված իմաստ, սակայն այդ մարդու արտաքինը ոչինչ չասաց։

_Եկե՛ք, ես կտանեմ ձեզ։ Ձեզ հիմա չի կարելի ղեկին նստել։

_Երեխա՜ս, _գոռաց նա անմարդկային ձայնով։ Ու ջղայնացած հարվածեց օրորոցին։

_Երեխան տա՞նն էր։Ահազանգից հետո, ուղիղ հինգ րոպեից ոստիկանությունը տեղ է հասել․․․ շտապ օգնության մեքենան արդեն այստեղ էր․․․ բացի ձեր վիրավոր կնոջից ու քրոջ դիակից, ուրիշ մարդ չկար․․․