Գիշերը փոքրիկ որդը մի երազ տեսավ: Սկզբից երազը սարսափելի էր: Նա տեսավ թե ինչպես մի սարսափելի թռչուն կտցահարեց ու կուլ տվեց իրեն իր հոր հետ, հետո թռչեց ու իրենց էլ հետևի դռնակից բաց թողեց ներքև: Նրանք ընկնում էին բարձր, բարձր երկնքից, որը ստեղծվել էր «առաջին օրը» ու ընկան մի ծառի վրա, որը ստեղծվել էր «երկրորդ օրը»: Երրորդ օրը հասան տերևներին, չորորդ օրը ծաղիկներին, իսկ հինգերորդ օրը իրենց առջև բացվեց մի հիանալի տեսարան: Տերևների ու ծաղիկների մեջ շողում էր մի ոսկեգույն ու մեծ, շա՜տ մեծ խնձոր:
«Ես էլ եմ հինգերորդ օրը ծնվել», – ասաց ոսկեգույն խնձորը ու ժպտաց փոքրիկ որդին:
«Իսկ ես ծնվել եմ վեցերորդ օրը, – պատասխանեց փոքրիկ որդը, – ու վեցերորդ օրն էլ կուտեմ քեզ: Կուտեմ ու կտիրանամ քեզ:
«Իսկ եթերորդ օրը թռչնակը կուտի քեզ», – զայրացավ խնձորը:
«Ես թռչնակներից չեմ վախենում», – ինքնագոհ շարունակեց փոքրիկ որդը, – «նա ինձ համար ընդամենը տրանսպորտի միջոց է»,
– հետո զարմացավ այդ բառերի վրա, նա առաջին անգամ էր նման բառեր արտասանում՝ «տրանսպորտի միջոց» … Ի՞նչ «տրանսպորտի միջոց», ինքն էլ չհասկացավ թե դա ինչ է:
«Իսկ ես կպատմեմ Հետնորդին և նա կսաստի քեզ», – էլ ավելի բարկացած ասաց խնձորը ու ոսկեգույնից փոխվեց վառ կարմրի:
«Այս այգում երևի բոլորը խաբարբզիկներ են, – մտածեց փոքրիկ որդը, – թե չէ ուտելու իրավունք էլ չկա, իսկույն Հետնորդով են վախեցնում»:
Նա արթնացավ ու այդ ամենը շուտափույթ պատմեց հայր որդին:
Հայր որդի դեմքը պայծառացավ.
– Լավ երազ ես տեսել, որդի՛ս, շա՜տ լավ երազ էր: Կարծես թե շուտով բախտը ժպտալու է մեզ:
Եվ իրոք, «պարոն բախտը» մեր որդերին երկար սպասել չտվեց ու շուտով ժպտաց նրանց: