Որդանց որդյաց - страница 2

Шрифт
Интервал


Հայր որդը փակեց գիրքը ու նկատեց.

– Իրականում, գիտե՞ս, Հետնորդը իր անունը ստացել էր մի հետաքրքիր դրվագի պատճառով: Հիմա կպատմեմ: Նա թռչունների առաջին ուղևորն էր: Երբ պարտեզապանը սկսեց քիմիկատներով մաքրել պարտեզը, նա շշմած ընկած էր մի տերևի վրա: Պատահական մի թռչնակ կտցահարեց, բայց քիմիկատների՞ց էր, թե իրենից էր գարշահոտ փչում, թռչունը չկարողացավ ծամել ու միանգամից կուլ տվեց: Հետո, երբ թռչում էր տանձենիների այգու վերևով, նրան բաց թողեց իր հետևի դռնակից՝ ներքև: Այդ օրվանից ու այդ պատճառով էլ , ասում են, որ նրան Հետնորդ են անվանում: Բայց այդ մասին տանձենիների այգում ոչ ոք չի խոսում ու դու էլ երբեք այդ մասին չխոսես: Հա՛, ու քանի որ ընկել էր նա ծառի ամենից բարձր տերևին, այդ առիթով էլ զբաղեցրեց Հաջորդի աթոռը, այսինք ամենից մեծ ու համեղ տանձը ու նստեց այդ տանձի վրա: Հետո ի շնորհիվ իր ճարպկության ստեղծեց «Հետնորդի համաորդական կազմակերպությունը», նրա տարբեր մասնաճյուղներն ու տարածեց բոլոր ծառերի ճյուղերով՝ տիրելով պարտեզին:

– Իսկ մնացած որդերը՞, – հարցրեց փոքրիկ որդը:

– Իսկ մնացած որդերը՞… Իսկ մնացած որդերը, հիմա նրա ժառանգորդներն են, նրա սանիկներն ու մեր վեհ գաղափարի շարունակողները:

– Ինչ գաղափարի՞:

– Ա՜յ քե՜զ բա՜ն, – զարմացավ հայրը, – միթե՞ քեզ չեմ ասել ամենից կարևորը:

– Չէ, չես ասել:

– Ուրեմն հիշի՛ր: Մեր ամենից մեծ խնդիրը պարտեզին վնաս տալն է ու նրան տիրելը: Տիրելն ու վնաս տալն է, հասկացար՞:

Փոքրիկ որդը գլխով արեց:

– Հասկացա՞ր, թե ո՞չ:

– Այո՛, այո՛, հասկացա՜:

– Ուրեմն կրկնի՛ր նորից:

– Մեր ամենից մեծ խնդիրը պարտեզին վնաս տալն է ու նրան տիրելը: Տիրելն ու վնաս տալն է:

– Այո, ճիշտ այդպես: Հիշի՛ր նաև, մենք ընտրյալներն ենք բոլոր որդերից, քանի որ պատկանում ենք վնասատուների բարձրադաս ընտանիքին: Եթե լավ հիշես խրատներս, գուցէ մի որ դու էլ դառնաս Հետնորդի աթոռի անվտանգության ծառան, դա ամենից բարձր կոչումն է, որի մասին երազում է ցանկացած որդ:

– Իսկ ովքե՞ր են Հետնորդի աթոռի անվտանգության ծառաները:

– Օ՜, որդիս դրանք անձեռնամխելի ու արտոնյալ որդերն են, որոց բախտ է վիճակվել պաշտպանել Հետնորդի աթոռը, նրա տանձը:

– Ումի՞ց:

– Ո՞նց թե ումից… Թռչուններից ու մեզ նման որդերից, ովքեր ևս երազում են տիրել նրա աթոռին, նրա համեղ տանձին:

– Դու էլ ես երազու՞մ հայրիկ:

– Հիմար է այն որդը, որ չի երազում տիրել աթոռին ու ողջ պարտեզին, որդիս՛: Բայց, կարևորը նաև բախտն է, թե չէ հիմա պառկած չէինք լինի այս գոմաղբի կույտի վրա:

– Այո, տխուր է, – խեղճացած ձայնով ասաց փոքրիկ որդը:

– Ո՛չ մի հուսահատություն, լսու՞մ ես, որդերը հուսահատվելու իրավունք չունեն, դա շատ մեծ շռայլություն է մեզ համար: