Որդանց որդյաց - страница 4

Шрифт
Интервал


– Ողջու՜յն իմ ցեղակիցներ, – լսվեց ներքևից, – դուք մրգատու այգում եք, բարով եք եկե՜լ:

Հայր ու որդի հայացքը ձգեցին ներքև և աթարի կույտի մոտ տեսան մի շատ հաստավուն, վարդագույն ու երկար որդի: Նախկինում որդուկը երբեք նման որդ չէր տեսել:

Լսելով մրգատու այգու մասին, հայր որդը պայծառացավ, ուրախությունից այնպես փքվեց, որ որդուկին թվաց, թե ուր որ է հայրիկը կպայթի:

Եվ նա պայթեց, պայթեց մի այնպիսի հզոր ձայնով, որ քիչ մնաց փոքրիկ որդը խլանար.

– Օ՜ հո՜ հո՜… Օ՜ հո՜ հո՜, մենք այգում ենք, մրգատու՜ այգում:

Որդուկը զարմացած նայում էր հորը ու փորձում էր ինքն էլ ուրախանալ:

– Հայրի՛կ, իրո՞ք մենք մրգատու այգում ենք:

– Այո՛, այո որդի՛ս, մենք տեղ ենք հասել: Նայի՛ր, նայիր թե ինչքա՜ն մրգատու ծառեր կան այստեղ: Ահա խնձորենին, – ու ցույց տվեց գլխավերևի վիթխարի ծառը, որ մի ահագին մոլորակի էր նման: Հապա նայիր, այն հեռու հեռվում տանձենին է… Նայի՛ր, իսկ այ այս կողմում սալորի ծառերն են աճում: Մենք դրախտ ենք հասել որդիս, այսօրվանից մեզ համար նոր կյանք է սկսելու:

– Բարով եք եկել, ցեղակիցներ, – նորից ասաց մեծ որդը ու ներողամիտ ժպտաց:

Հայր որդը վերևից վար նայեց ու չարացած ասաց.

– Տո՛, ա՛յ համբալ, մենք քո ի՞նչ ցեղակիցն ենք:

Որդուկը զարմացավ հոր այդ կոպիտ պահվածքի համար, նույնիսկ ուզեց ներողություն խնդրել իր հոր փոխարեն: Բայց հայրը շարունակեց.

– Գնա՜, գնա՛ քո գործին ա՛յ ճիճու, նայիր թե ձկնորսները իրենց հետ քեզ ձկնորսության չտանեն: Գնա գործովդ զբաղվիր, հողը մշակիր, ա՛յ մշակ:

Մեծ որդը շրջվեց ու քթի տակ փնթփնթաց. «Էհ, լրիվ հաբրգել են էս վնասատուները, սրացնից էլ պրծում չկա»: Հապա փնտրեց հողի մակերեսի անցքը, որտեղից դուրս էր եկել ու գնաց իր գործին: Գնաց պարտեզի հողը մշակելու, որպեսզի ծառերը էլ ավելի փարթամ աճեն, որպեսզի ավելի համեղ բերք ու բարիք տան ու… ու որպեսզի վնասատու որդեր խժռեն այդ ամենը, լափե՜ն, լափե՜ն, լափեն…

Երբ աթարի կույտից իջան, որդուկը համարձակվեց հարցնել հորը.

– Ո՞վ էր այն մեծ որդը, հայրիկ: