– Բալա ջան, էրկան հղեցում եկալ, ստեղ չը՞ն մաշինին յեղը փոխում։
23.03.2018 թ.
Մի նախագահ, հեռանալուց առաջ 2 միլիոն հերոսի մեդալ է պատվեր տալիս ու բաժանում է իր բոլոր քաղաքացիներին՝ ահել ու ջահելի։
– Էս ինչի՞ համար է,– զարմացած հարցնում է ժողովուրդը։
– Որ այսքան տարիներ դիմացել եք իմ ղեկավարությանը։
– Բա էդ ութն էլ ի՞նչի քո դոշից ես կախել։
Ասում է.
– Որ հիշեմ, քանի ժամկետներով էիք ինձ ընտրել։
25.03.2018 թ.
Մի շատ ագահ, աչքը ծակ ու անկուշտ իշխանավոր է լինում, չի դադարում լափել: Ախորժակն էլ օրեցօր մեծանում է: Մարդիկ ասում են. «Որ այսպես գնա, մեզ էլ ու երկիրն էլ է լափելու»: Հնար են ճարում ու բժիշկ կանչում, որ անկշտության պատճառը իմանան՝ այդ հիվանդագին ագահության:
Բժիշկը զննում ու ասում է, որ մանկուց ճիճու ունի, դրանից է որ չի կշտանում: Մի դեղ է նշանակում ու գնում:
Դեղը տալիս էն էս իշխանավորին, որ բուժեն, մեռնում է:
Պարզվում է, որ մի ճիճու էլ ինքն էր:
22.04.2018 թ.
Մի իշխանավոր ավելի բարձր պաշտոն է ստանում: Երբ առաջին անգամ նստում է իր աթոռին ու ելնում է, աթոռից մի ծամոնի կտոր է կպնում հետույքին ու աղտոտում է նոր, թանկարժեք շալվարը: Սա բարկացած կանչում է իր տեղակալին ու հարցնում է, թե «ինչու՞ աթոռը, մինչ իր գալը, չեն մաքրել ծամոնից»:
– Շեֆ, ջան,–համարձակվում է խոսել տեղակալը,– սա ծամոն չէ, այլ մեր նախկին պետն է, ոչ մի կերպ չէր ուզում պոկվել իր սիրած աթոռից ու թոշակի գնար, ծամոն դարձավ ու այդպես էլ կպած մնաց աթոռին:
22.04.2018 թ.
Երևանի թաղամասերից մեկում, ճանճերը գլխներին հավաքած, երկու կիսադատարկ աղբի կոնտեյներ զրույց են անում։ Մեկը ասում է.
– Բայց, գիտե՞ս, որ Կիևի մայդանի ժամանակ մեր կոլեգաները այս օրերը ավելի զվարճալի էին անցկացնում, էլ դեպուտատ, էլ նախարար, իշխանավորնե՜ր, ում ասես ընդունում էին։
– Ախպոր պես, թարգի,– խոսում է մյուսը,– արժե՞ մի քանի րոպե զվարճանքի համար այդքան աղտոտվել։
30.04.2018 թ.
Շատ հայերի մոտ մի գեշ սովորություն կա՝ ամեն ինչ չափել փողով։
Ուրեմն, մի քանի հայ տղամարդիկ կանգնած զրույց են անում։ Մեկը ասում է.
– Ապեր, գիտե՞ս, ես 50 հազարանոց տղա եմ, օրը 50 հազարից պակաս չեմ վաստակում։
Մեկն էլ թե.
– 50 հազարը ի՞նչ գումար է, ես 100 հազարանոց տղա եմ, առնվազն օրը 100 հազար նաղդ ունեմ։
Մյուսն էլ.
– Չե, տղերք, մանր–մունուր թվերի հետ գործ չունեմ, ես 200 հազարանոց տղա եմ։
Մեկն էլ լուռ ու մուռ, համեստ կանգնած լսում էր։ Իրեն են դիմում.
– Դու, բա ի՞նչ կասես։
Ասում է.
– Տղերք, ինչը գին ունի, կարելի է առնել կամ վաճառել՝ դեհ ես էլ, ուրեմն, անգին տղա եմ։