Շատ հաճախ եմ մտածում, թե որն էր Հայաստանի պետականության ամենամեծ բացթողումները վերջին երկու տասնամյակում, հրադադարից հետո: Իրոք դրանք չափից ավելի շատ են, բայց մեկը ինձ համար ավելի կարևոր է, դա ԼՂՀ–ն և Ադրբեջանի սահմանագծի ամրության վիճակն է: Եթե այս վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանի և ԼՂՀ–ի իշխանավորները հրաժարվեին իրենց անձնական դղյակների, սուպերմարկետների և այլ շահավետ օբյեկտների շինարարություններից և այդ գումարները օգտագործվեր սահմանների ամրացման համար, կարելի էր «Մայններհեյմի գծից» ավելի ամուր և անմատչելի սահմանագիծ ստեղծել երկաթբետոնե ֆորտիֆիկացիոն կառույցների համակարգով և ժամանակակից էլեկտրոնային սարքավորումներով:
«Մայններհեյմի գիծը» կառուցվել էր 1919 թվականից մինչև 1939 թվականը Ֆինլանդիացիների կողմից ընդեմ ԽՍՀՄ–ի, մոտ 140 կմ սահմանի երկայնքով, որի 1940 թվականի գրոհի ժամանակ Կարմիր բանակը տվել էր ահռելի մարդկային և տեխնիկայի կորուստներ:
Նույնիսկ խաղաղ պայմաններում այդպիսի կառույցների համակարգը մեծ հավանականությամբ կփրկեր հայ զինվորների կյանքն ու Ադրբեջանին կստիպեր զերծ մնալ իրենց մարտական կոչերից, դիվերսիոն գործողություններից և խնդիրը մարտական ճանապարհով լուծելու մտադրությունից:
Ահա թե ինչ ենք բաց թողել այս 20 տարվա ընթացքում:
25.01.2015 թ.
Արցախյան պատերազմի թեժ տարիներին Ռուսաստանից հայրենիք վերադարձած մի երիտասարդ արցախցի մի քանի ամիսներ շարունակ իր վաղեմի ընկերների հետ մարտական գործողություններին մասնակցելուց հետո, գալիս է Երևան ու ինչ–որ բաներից հիասթափված որշում է ետ վերադառնալ Ռուսաստան:
Օդակայանում ուղեկցող նեղասրտված ընկերը հարցնում է.
– Հենո՛, բա որ Աբոն (հրամանատարը) հարցնի՝ ի՞նչ ասեմ:
– Կասես, որ իմ փայ Ղարաբաղը իրեն եմ նվիրում…
Ամեն անգամ լսելով ամեն մի արտագաղթող հայի մասին, չգիտեմ ինչու, այս պատմությունն եմ հիշում: Հիասթափված սեփական երկրից հեռացող հայերը, հետաքրքիր է՝ իսկ հիմա ու՞մ են թողնում իրենց փայ Հայաստանը…
5.12.2014 թ.
Երբ կույր Վանգային ասել էին.
– Ամերակացի աստրոնաֆտները իջել են լուսնի վրա, ի՞նչ կարող եք այդ մասին ասել:
Պատասխանել է.
– Ես այնտեղ (լուսնի վրա), ավելի շատ բաներ տեսա քան նրանք:
Տեսնելու համար, երբեմն, աչքեր անգամ պետք չեն:
12.10.2017 թ.
– Տղա՛, որ մեռնեմ, էստեղ ինձ չթողնեք, մեր երկիրը կտանեք:
– Է՜հ, պա՛պ, որ մեռնես, ախր քեզ համար ի՞նչ տարբերություն, թե որտեղ քեզ կթողնեն կամ ուր կտանեն:
– Չէ՛, բալես, էստեղ ինձ չթողնեք: Էս ցուրտ ու անտեր երկրում էնքան եմ մրսե՜լ… Մեր երկիրը ինձ կտանեք, թող ոսկորներս գոնե մեր հողում մի քիչ տաքանան…